Վաղարշապատի Ներսիսյան վարժարան Չորեքշաբթի, Jun 17 2009 

dproc1

Թիֆլիսի Ներսիսյան դպրոց Չորեքշաբթի, Jun 17 2009 

dproc

ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ՆԵՐՍԻՍՅԱՆ ԴՊՐՈՑ

Անդրկովկասում հայկական առաջին միջնակարգ դպրոցը, որը գործել է մեկ ամբողջ դար, հիմնվել է Թիֆլիսում` 1824թ. Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ ու ջանքերով և հետագայում իր հիմնադրի անունով էլ կոչվել է Ներսիսյան դպրոց:

Ներսիսյան դպրոցը հանդիսացել է հայկական մշակույթի փայլուն օջախներից մեկը և շատ կարևոր դեր է կատարել հայ իրականության բոլոր ասպարեզներում: Դպրոցի առաջին տեսուչն է եղել հայ նոր գրականության ռաֆվիրաներից մեկը` բանաստեղծ Հարություն Ալամդարյանը: Նրա առաջին շրջանավարտներն են եղել հայ նոր գրականության հիմնադիր, մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը, «Հյուսիսափայլ»-ի խմբագիր-հրատարակիչ, հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը, հայ նոր թատրոնի ջատագովներից մեկը` Գալուստ Շերմազանյանը և ուրիշներ:

Ներսիսյան դպրոցում են սովորել նշանավոր հայ գրող Պերճ Պռոշյանը, գրող ու մանկավարժ Ղազարոս Աղայանը, հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, ականավոր գրող Դերենիկ Դեմիրճյանը, հայտնի ազգագրագետ Երվանդ Լալայանը և հայ մշակույթի շատ ու շատ այլ ականավոր գործիչներ:

Բացառիկ կարևոր դեր է խաղացել Ներսիսյան դպրոցը հայ աշխարհաբար գրական նոր լեզվի ձևավորման ու զարգացման հարցում: Խաչատուր Աբովյանի , Ստեփանոս Նազարյանի, Միքայել Նալբանդյանի, Ռափայել Պատկանյանի և այլոց տարածած սերմերը հայ աշխարհաբար գրական լեզվի ստեղծման ուղղությամբ բարենպաստ հող են գտել Ներսիսյան դպրոցի միջավայրում: Այդ դպրոցում էին սովորում Կովկասի տարբեր անկյուններից եկած սաներ, որոնց բազմազան բարբառներից պիտի հարստանար ու ձևավորվեր արևելահայ աշխարհաբար նոր լեզուն:

Իր գոյության հարյուր տարվա (1824-1924) Ներսիսյան դպրոցը հայ ժողովրդին տվել է գրականության ու արվեստի, մանկավարժության ու գիտության, գյուղատնտեսության ու արդյունաբերության, առողջապահության ու կուլտուրայի շուրջ 2000 անխոնջ մշակներ, որոնք գերազանցապես գործել են հայկական անդաստանում:

Ներսիսյան դպրոցում են սովորել հերոս զորավար Գայը` Հայ Բժշկյանը, հրետանու գեներալ-մայոր Հովհաննես Օվանօղլյանը և ուրիշներ:

Ներսիսյան դպրոցի ուսուցիչները բացառիկ մեծ դեր են կատարել ինչպես դպրոցի, այնպես էլ հայ մշակույթի ու գիտության զարգացման, հայ առաջադեմ հասարակական մտքի ձևավորման գործում: